ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներով՝ ցուցարարների դեմ ուժ կիրառելու համար

Հինգշաբթի, Դեկտեմբերի 5, 2024

Anna Vardanyan
3 շաբաթ առաջ

Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի համերաշխությունն է հայտնել Վրաստանի ժողովրդին՝ իշխանություններին սպառնալով նոր պատժամիջոցներով։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ…. Խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքներն իրացնելու համար կալանավորված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է լիարժեք պատասխանատվության ենթարկվեն», – նշել է պետքարտուղարը:

Բլինքենը ընգծել է՝ «Բացի նրանից, որ մենք կշարունակենք երկկողմ համագործակցության համապարփակ վերանայումը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել ենք, ԱՄՆ-ն այժմ նաև պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, ներառյալ լրացուցիչ պատժամիջոցներ»։

Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները հետաձգելու Թբիլիսիի որոշման և ցուցարարների դեմ ուժի կիրառման պատճառով։